Կենտրոնի տնօրեն Կոմարովա Ռուզաննա Հակոբի

Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը բացվել է 2001 թվականի դեկտեմբերին: Կենտրոնի բացմանը գործնական աջակցություն ցուցաբերեցին Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ի. Խալեևան, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա. Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը` դեսպանի` Ս. Սահակյանի գլխավորությամբ: Կենտրոնի բացումը օրհնեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Կոմիտետի` ԱՊՀ երկրների հարցերով նախագահ Պ. Պաստուխովը, Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Ա. Միհրանյանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ա. Խաչատրյանը, բանաստեղծ Ս. Կապուտիկյանը և ուրիշներ:

2005 և 2010 թվականներին երկու խումբ ուսանողներ ավարտեցին համալսարանը` հայերենի իմացությամբ: Դասընթացները վարում է ՄՊԼՀ դասախոս Ռ. Կոմարովան: Կենտրոնի խնդիրն է` լեզվի իմացությունը հայ ժողովրդի պատմության և մշակույթի միջոցով: Կենտրոնը համալրված է տեսանյութերով, ուսումնա-մեթոդական ձեռնարկներով և գրադարանով, որն օգնում է ուսանողներին` ավելի լավ ճանաչել հայ պատմությունը, գրականությունն ու արվեստը:

Կենտրոնը համագործակցում է Մոսկվայի հայ համայնքի, «Ռուս-Հայկական համագործակցության», «Արարատ» ընկերության և այլ կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են Կենտրոնի աշխատանքին և հրավիրում են ուսանողներին տարբեր հանդիպումների, միջոցառումների:

Կենտրոնում հաճախակի անցկացվում են քննարկումներ` նվիրված հայոց լեզվի դասավանդման խնդիրներին:

ՄՊԼՀ այլ Կենտրոնների հետ համատեղ անցկացվում են ուսանողական տարբեր մրցույթներ, այդ թվում նաև թարգմանչական մրցույթներ:

Կենտրոնի աշխատանքի անքակտելի մասն է կազմում նաև հայկական ֆիլմերի ցուցադրումը, հայոց պատմությանը, հայ հավատքին, գրականույանն ու արվեստին նվիրված դասախոսությունների անցկացումը:

Հայոց լեզուն ուսումնասիրող ուսանողները հաճախակի են այցելում Հայաստան:

.
©, Московский государственный лингвистический университет, 2008